Կենտրոնական Ասիայի ԵՎ Միացյալ Նահանգների հարաբերությունները

12 ր.   |  2026-01-19
C5+1 ձևաչափի սրընթաց ընդլայնումը

«Աղվեսը վեր էր թռչում և նորից խելակորույս վազում... հետո շունչը մի քիչ տեղը բերեց և նորից աչքը գցեց երկաթուղուն, որտեղ հնարավոր է հագեցնել քաղցը։ Բայց առջևում, գծերի վրա նորից լույսեր շողացին, նորից լոկոմոտիվների զույգը քարշ տվեց երկար, բեռնավորված գնացքը։
Այդ ժամանակ աղվեսը տափաստանով վազեց շրջանցման, վճռելով երկաթուղուն մոտենալ այնպիսի տեղից, որտեղից գնացքներ չեն անցնում...
Գնացքներն այս կողմերում գնում էին արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք...
Իսկ երկաթգծի երկու կողմերում փռված էին հսկայական ամայի տարածություններ՝ Սարի-Օզեկներ, Դեղին տափաստանների միջնակները։
Այս կողմերում ուզածդ տարածությունը չափվում էր երկաթուղուց, ինչպես Գրինվիչի միջօրեականից...
Իսկ գնացքները գնում էին արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք...

Չինգիզ Այթմատով
«Եվ դարից երկար ձգվում է օրը»

 

Միացյալ Նահանգների և Կենտրոնական Ասիայի երկրների համագործակցության C5 դիվանագիտական երկխոսությունը ստեղծվել է 2015թ.-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպում է Կենտրոնական Ասիայի հինգ երկրների արտաքին գործերի նախարարների հետ, որին հետևել էր նրա այցելությունը Կենտրոնական Ասիա։ 

Մինչև 2023թ. C5+1 ձևաչափով հանդիպումները տեղի էին ունենում անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ 2022-ի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում հիմնադրվում է C5+1 նախաձեռնության քարտուղարությունը։ Մեկ անգամ ևս հայտարարվում է կողմերի պատրաստակամությունը՝ համագործակցելու «կանաչ» տեխնոլոգիաների, կլիմայի փոփոխության, կայուն լեռնային զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների պլանավորման, կրթության, վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ։ Քարտուղարությունը պետք է նաև նպաստեր ընդհանուր առաջնահերթությունների մշակմանը և համակարգեր կառավարությունների հաղորդակցությունը։

Կենտրոնական Ասիայի երկրների հետ ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների խորացումն աստիճանաբար ստանում է նոր որակ, որի անմիջական արտահայտությունն էր 2023թ. սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում նախագահ Բայդենի և C5 անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը։ Սա բարձր մակարդակի առաջին հանդիպումն էր, որը տեղի է ունենում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում։ Հանդիպման ժամանակ նախագահ Բայդենը շնորհակալություն է հայտնում համագործակցության համար։ Քննարկվում են Կենտրոնական Ասիայի երկրներում գործարար միջավայրն և ներդրումային մթնոլորտն ավելի կայուն ու զարգացած դարձնելու հնարավորությունները։

ԱՄՆ-ում նախագահների հանդիպման կարևոր արձանագրումներից էր կրիտիկական նշանակության հանքանյութերի երկխոսության նախաձեռնության ստեղծումը (Critical Minerals Dialogue)։ Անդրադարձ է լինում նաև Տրանսկասպյան (Միջին) միջանցքին։

Միացյալ Նահանգների վերջին տարիների ակտիվացումը Կենտրոնական Ասիայում ունի մի քանի պատճառ։ Առաջինը, բնականաբար, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության զգալի նվազումն է։ Երկրորդը, որը ոչ պակաս կարևոր է, Չինաստանին զսպելու ռազմավարական նպատակն է։ Հայտնի է, որ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանից բացի զգալի ազդեցություն ունի նաև Չինաստանը։ Խորհրդային Միության փլուզումից հետո Պեկինը հետևողականորեն մեծացրել է տնտեսական և ենթակառուցվածքային ներկայությունը Կենտրոնական Ասիայում։

Տեխնոլոգիական սրընթաց զարգացումն աշխարհում ձևավորել է հազվագյուտ երկրային հանքանյութերի և տարրերի մեծ պահանջարկ, որն օգտագործվում է ինչպես տնտեսության և բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ ռազմական ոլորտում։ Չինաստանը հարուստ է այս հանքանյութերով և տասնամյակների ընթացքում վերածվել էր Արևմուտքի գլխավոր մատակարարի։ Եվ այժմ, սրված աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում, Արևմուտքը ձգտում է նվազեցնել այդ կախվածությունը։ Չինական արտահանումը Արևմուտք իրականացվում է մի քանի հիմնական ուղղություններով, որոնցից մեկը Միջին միջանցքն է։ Այն սկսվում է Չինաստանից և անցնելով Կենտրոնական Ասիայի երկրների տարածքով, Կասպից ծովով, Ադրբեջանով հասնում է Վրաստան և Թուրքիա։ Եթե նախկինում հաղորդակցության այս ուղու նշանակությունը սահմանափակ էր, ապա 2022թ. պատերազմից և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո կտրուկ մեծացել է։

Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական նշանակությունը չի սահմանափակվում միայն հաղորդակցության հանգույց լինելով. տարածաշրջանի երկրներն ունեն բնական հարուստ պաշարներ, որոնք կարող են զգալիորեն փոխարինել չինական առաջարկը։ Ղազախստանին օգնելով նավթ արտահանել Արևմուտք՝ Միացյալ Նահանգները նվազեցնում են այդ երկրի կախվածությունը Ռուսաստանի և Չինաստանի շուկաներից։ Ներդում անելով Ուզբեկստանի արևային էներգետիկայի ոլորտում՝ Նահանգները դուրս են մղում չինական կապիտալը և այլն։ Հենց սա է Արևմուտքի և, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետաքրքրության մեծացման պատճառը, որն էլ աստիճանաբար ստանում է երկկողմանի համագործակցության բոլորովին նոր որակ՝ դառնալով կրիտիկական հանքանյութերի երկխոսության գլխավոր խթանը։ 

Իրենց հերթին Կենտրոնական Ասիայի երկրները ձգտում են բազմազանեցնել իրենց տնտեսությունն ու նվազեցնել կախվածությունը որոշակի բևեռներից։ Բացի այդ, փոխվել է այդ երկրների ներքին կառուցվածքը. տնտեսությունն արագ քայլերով զարգանում է, ինչն, իր հերթին, հանգեցնում է ավելի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու պահանջին։ Պետք է նաև նշել, որ Կենտրոնական Ասիայի երկրները միշտ են ձգտել վարել բազմակողմանի և հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Ունենալով այնպիսի խոշոր և ազդեցիկ հարևաններ, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը, չունենալով ելք դեպի ծով՝ Կենտրոնական Ասիայի երկրները հարկադրված են հետևելու բազմավեկտոր քաղաքականությանը։

Միացյալ Նահանգներն ամեն տարի վերանայում են կրիտիկական հանքանյութերի ցուցակը։ 2025թ. դաշնային ցուցակում նշված է շուրջ 60 հանքանյութ, որոնք էական նշանակություն ունեն «ազգային անվտանգության, տնտեսական կայունության, մատակարարման շղթաների ճկունության համար, քանի որ արդյունաբերության, տեխնոլոգիական նորարարության հիմքն են»։ Դրանց թվում է ցինկը, լիթիումը, վոլֆրամը, կալիումը, գալիումը, ալյումինը, գրաֆիտը, կոբալտը, կապարը, մագնեզիումը, նիկելը, արծաթը և այլն։ Այս հանքանյութերը լայնորեն օգտագործվում են մեքենաշինության, տիեզերագնացության, գերճշգրիտ զինատեսակների, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում։ Ըստ որոշ գնահատականների՝ մինչև 2040թ. կրիտիկական հանքանյութերի պահանջարկը քառապատկվելու է։

Կենտրոնական Ասիայի երկրներն ունեն կրիտիկական հանքանյութերի զգալի պաշարներ. մասնավորապես՝ մագնեզիումի համաշխարհային պաշարների 38.6, քրոմիումի 30.7, կապարի 20, ցինկի՝ 12.6, ալյումինի՝ 5.8, տիտանիումի՝ 8.7, կոբալտի՝ 5.8, մոլիբդենի՝ 5.2 տոկոսը Կենտրոնական Ասիայում է։

Չինաստանը ևս կրիտիկական հանքանյութերի մեծ պաշարներ ունի, սակայն նա ոչ միայն շահագործում է իր ռեսուրսները, այլև վերածվել է աշխարհի տարբեր տեղերից արդյունահանվող հումքի գլխավոր վերամշակողի։ Տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները (և ոչ միայն) դարձել է Չինաստանից կրիտիկական հանքանյութերի հիմնական ներկրողներից մեկը։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական խիստ մրցակցությունը Չինաստանի հետ՝ այս կախվածությունը կարող է մեծ սպառնալիք լինել հակասությունները սրվելու դեպքում։ Այս պատճառով է, որ ԱՄՆ-ն նոր գործընկերներ է փնտրում այս ոլորտում։ 

Վտանգը հաղթահարելու նպատակով էլ, թերևս, ստեղծվել է Հանքանյութերի անվտանգության համագործակցություն (Minerals Security Partnership, MSP) կառույցը, որի նպատակն է միավորել հանքանյութեր (այդ թվում՝ հազվագյուտ երկրային տարրեր, REE) արդյունահանող, պաշարներն ուսումնասիրող և օգտագործող երկներին։ Միաժամանակ, կառույցի նպատակն է ապահովել հանքանյութերի տեղափոխման և մատակարարման շղթաների անխափան աշխատանքը, աջակցել ռազմավարական նախագծերին և խթանել ոլորտում մասնավոր ներդրումները։ Կառույցին միացել են ԱՄՆ-ն, Կանադան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Հարավային Կորեան, Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական Հանձնաժողովի։ 

Նախագծում նաև նշվում է, որ հանքանյութերը էական նշանակություն ունեն Միացյալ Նահանգների տնտեսական աճի, բարեկեցության և ազգային անվտանգության համար։

Կենտրոնական Ասիայի երկրների կրիտիկական հանքանյութերի առաջին տեղում ուրանն է։ 2024թ. Ղազախստանն արդյունահանել է 23270 գծային տոննա ուրան՝ զբաղեցնելով առաջին տեղն ու ապահովելով ուրանի համաշխարհային արդյունահանման շուրջ 40%-ը։

Նախքան Արևմուտքի հետ համագործակցության սերտացումը Ղազախստանը ուրան արտահանում էր հիմնականում երկու ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնություն և Չինաստան։ ԱՄՆ արտահանումը կազմում էր շուրջ 5%։ 2024-25թթ. ցուցանիշներում արդեն էական տարբերություն է նկատվում. Ղազախստանն ապահովում է Միացյալ Նահանգների ուրանի պահանջարկի շուրջ 24%-ը, որն ավելին է, քանի նախորդ երկու տարիներին։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում նույնպես ավելացել է ուրանի պահանջարկը։ Ղազախստանում ուրանի արդյունահանման ծավալն ավելացել է նաև նոր, առավել արդյունավետ և բնապահպանական նվազ վտանգներ պարունակող In-Situ Recovery տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ։

Կրիտիկական հանքանյութերով հարուստ է նաև Ուզբեկստանը։ 2025թ. ուսումնասիրությունների արդյունքներով հրապարակվել է, որ Ուզբեկստանն ունի ծարիրի (սուրմա, անտիմոն, antimony) աշխարհի պաշարների մոտ 15%-ը։ Ծարիրն օգտագործվում է կենցաղային և ռազմական արդյունաբերության մեջ։ Մասնավորապես՝ ծարիրի ու արճիճի և այլ մետաղների համաձուլվածքներն օգտագործվում են հրետանային արկերի, փամփուշտների, ջերմատեսիլային սարքավորումների, հրապատիճի (կապսուլ), համակարգիչների, հեռախոսների և բազմաթիվ այլ ապրանքների արտադրության համար։

Հանքանյութերի ոլորտում Ուզբեկստանի համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ էապես ակտիվացել է վերջին մի քանի տարում։ 2025թ. սեպտեմբերին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Նյու Յորքում հանդիպել էր հանքարդյունաբերության ոլորտի ամերիկյան առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Քննարկվել էին համատեղ ձեռնարկությունների և ներդրումների հնարավորությունները։ Ամերիկյան կրիտիկական հանքանյութերի մշակումով զբաղվող ընկերություններից մեկի՝ Traxys-ի հետ քննարկվել էր շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր։

Ծարիրի հանքանյութի պաշարներ ԱՄՆ-ում նույնպես կան, և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք արդյունահանվում էին Իդահո նահանգի հանքերում: 1997թ. ցածր եկամտաբերության պատճառով հանքը փակվում է և անհրաժեշտ քանակը ներմուծվում էր տարբեր երկրներից՝ հիմնականում՝ Չինաստանից, որն ունի ծարիրի աշխարհում ամենամեծ պաշարները: 2024թ.-ին, ընթացող աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում, Չինաստանը նախ՝ մեծացնում է վերահսկողությունն ու ներդնում լիցենզավորման նոր կարգ, ապա՝ ամբողջովին դադարեցնում է ծարիրի վաճառքը Միացյալ Նահանգներին:

Ծարիրի մեծ պաշարներ կան նաև Տաջիկստանում և Ղրղզստանում, ինչն էլ մեծացնում է ԱՄՆ-ի հետաքրքրությունն այս տարաշածրջանով:

Ղրղզստանում ծարիրի հանքեր կան Կադամժայ քաղաքի մոտակայքում, որը դեռևս Խորհրդային Միության շրջանում դարձել էր հանքարդյունաբերության կարևոր կենտրոն: ԽՍՀՄ փլուզումից հետո ծարիրի արդյունահանումը գրեթե դադարում է, սակայն ենթակառուցվածքները պահպանվում են: Այժմ Ղրղզստանը ակտիվորեն բանակցում է տարբեր ներդրողների՝ հատկապես՝ Եվրամիության և ԱՄՆ գործարարների հետ՝ ծարիրի արդյունահանումը վերսկսելու ուղղությամբ: Հարկ է նշել, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս կրիտիկական հանքանյութով Ղրղզստանը զբաղեցնում է աշխարհում 4-րդ տեղը՝ Չինաստանից, Ռուսաստանից և Բոլիվիայից հետո: Կադամժայից բացի ծարիրի շուրջ 16 հազար տոննա ծավալով հանքեր են հայտնաբերվել նաև Հյուսիսային Ակտաշում: Ղրղզստանն ունի նաև ալյումինի և բազմաթիվ այլ կրիտիկական հանքանյութերի պաշարներ:

C5+1 գագաթնաժողովը

C5+1 նախագիծը նոր թափ է ստանում 2025թ. աշնանը։ Հոկտեմբերի 26-ին Կենտրոնական Ասիա են այցելում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն և Հարավային և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորը։ Այցի նպատակն էր կազմակերպել Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների և ԱՄՆ նախագահի հանդիպումը։ Կենտրոնական Ասիայի երկրները C5+1 գագաթաժողովից ակնկալում էին նաև տեխնոլոգիական, ենթակառուցվածքային լայն համագործակցություն Միացյալ Նահանգների հետ։ Այստեղ առաջնային տեղում էր նաև հազվագյուտ հանքանյութերի և տարրերի արդյունահանման ոլորտում համագործակցությունը, ինչը նախագահ Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է։

Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողովը տեղի է ունենում 2025թ. նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում: Սա C5+1 ձևաչափի նախագահի մասնակցությամբ երկրորդ հանդիպումն էր և նվիրված էր հարթակի հիմնադրման 10-ամյակին: Առաջինը տեղի էր ունեցել 2023թ.-ի սեպտեմբերին՝ նախագահ Բայդենի կառավարման ժամանակ:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփը հայտարարում է, որ Միացյալ Նահանգների և Կենտրոնական Ասիայի հարաբերությունները լինելու են «ուժեղ, քան երբևէ»: «Ցավոք, Ամերիկայի նախկին նախագահները ամբողջությամբ անտեսում էին այս տարածաշրջանը: Ես հասկանում եմ այս ռեգիոնի կարևորությունը»,- ասել էր նա:

Ամենակարևոր համաձայնությունը Ղազախստանի վոլֆրամի հանքերի համատեղ արդյունահանում էր, որն իրականացնելու է ամերիկյան Cove Kaz Capital Group և ղազախական Tau-Ken Samruk ընկերությունները՝ համապատասխանաբար 70 և 30 տոկոս մասնաբաժնով: Շուրջ 900 մլն դոլարի ներդրում անելու է ԱՄՆ Արտահանման և ներկրման EXIM բանկը: Արդյունահանման աշխատանքներն իրականացվելու են Ղազախստանի Հյուսիսային Կատպար և Վերին Կայրակտի հանքերում: Նախագծի ընդհանուր ներդրումային արժեքը 1.1 մլրդ դոլար է: Cove Kaz Capital Group-ը առաջին ամերիկյան ընկերությունն է, որը 2023-ին ստացել է Ղազախստանի հազվագյուտ երկրային տարրերն ու մետաղներն (REE, REM) արդյունահանելու իրավունքը:

Վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում Ղազախստանը Միացյալ Նահանգներից 18 Բոինգ 787-9 ինքնաթիռ գնելու պայմանավորվածություն է ձեռք բերել: 22 Boeing 787 Dreamliner ինքնաթիռ գնելու համաձայնագիր է ստորագրվում Ուզբեկստանի, և 14՝ Տաջիկստանի հետ:

Ձեռք բերված ներդրումային համաձայնագրերն այսքանով չեն սահմանափակվում. Ղազախստանի Արհեստական բանականության և թվային զարգացման նախարարությունը համագործակցության հռչակագիր են ստորագրում Groq ընկերության հետ: Համանման փաստաթուղթ է ստորագրվում նաև NVIDIA ընկերության հետ, որի ներդրումային ծավալը կազմում է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ, Ղազախստանի և Միացյալ Նահանգների համագործակցության ընդհանուր փաթեթի արժեքը կազմում է շուրջ 17 մլրդ ԱՄՆ դոլար:

2025թ. նոյեմբերի 7-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ տնտեսական համագործակցության համատեղ մտադրության հայտարարությունը: Փաստաթղթում անդրադարձ կա նաև ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ Տրանսպասպյան միջազգային երթուղուն (TITR): Կողմերը համաձայնում են զարգացնել մատակարարման շղթաները, այս երթուղու տնտեսական պոտենցիալը և «միացնել այն TRIPP-ին՝ ապահովելով բեռների, տեղեկատվության, էներգիայի անվտանգ տեղափոխումը C5+1 երկրների և աշխարհի միջև»:

Քիչ չէին նաև C5+1 գագաթնաժողովի քաղաքական բաղադրիչները։ Փորձագիտական շրջանակներում առավել շատ քննարկվում էր Աբրահամյան համաձայնագրերին (Abraham Accords) Ղազախստանի անդամակցությունը։ Աբրահամյան համաձայնագրերը նախաձեռնել էին Միացյալ Նահանգները՝ 2020թ. սեպտեմբերին։ Համաձայնագիրը ստորագրել էին Միացյալ Նահանգները, Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ ԱՄԷ-ն համաձայնել էր միանալ նորաստեղծ համաձայնագրին, որովհետև Իսրայելը խոստացել էր կասեցնել Արևմտյան ափի գրավումը, իսկ Միացյալ Նահանգները խոստացել էր ԱՄԷ-ին վաճառել 50 F-35 կործանիչ։ Մի քանի օր անց Աբրահամյան համաձայնագրին միանում է նաև Բահրեյնը, իսկ մի քանի ամիս անց՝ Մարոկկոն և Սուդանը։ Սա նույնպես տեղի չէր ունեցել առանց «պարգևի»՝ Միացյալ Նահանգները ճանաչել էր Սուդանի իրավունքները Արևմտյան Սահարայի նկատմամբ, ինչպես նաև չեղարկել էր Սուդանի նկատմամբ պատժամիջոցները։

Աբրահամյան համաձայնագրին միանալու Ղազախստանի որոշումը պատահական չէր. Ղազախստանը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունի 1992թ.-ից։ Ապրանքաշրջանառությունը թեև մեծ չէ (տարեկան մոտ 500մլն դոլար), սակայն երկու երկրների հարաբերությունները բավականին ակտիվ էին։ 

Միանալով համաձայնագրին՝ Ղազախստանը փորձում էր ԱՄՆ տարիֆային քաղաքականությանը դիմակայելու որոշակի հիմքեր ստեղծել՝ լավ հասկանալով, որ Աբրահամյան համաձայնագրերին միացած երկների թվի ընդլայնումը ԱՄՆ-ի համար կարևոր էր։

Ղազախստանի միացումը Աբրահամյան համաձայնագրերին նախագիծն ընդլայնելու հնարավորություն է Միացյալ Նահանգների համար։ Ղազախստանն առաջին ոչ արաբական մահմեդական երկիրն է, որը միանում է համաձայնագրին, ինչը կարող է էական նշանակություն ունենալ։ Հնարավոր է, որ տեսանելի ապագայում համաձայնագիրը ստորագրեն Ուզբեկստանը, գուցե և՝ Ադրբեջանը։ Ղազախստանում նաև հասկանում են, որ իրենց քայլը չի կարող էական քաղաքական հակազդեցության արժանանալ։

C5+1 գագաթնաժողովից մեկ շաբաթ անց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը նախագահ Պուտինի հրավերով այցելում է Ռուսաստանի Դաշնություն։ Հանդիպումների ու աշխատանքային քննարկումների արդյունքում երկու երկրների ղեկավարները ստորագրում են «Ռազմավարական համագործակցության ու դաշնակցության համապարփակ հուշագիրը»։ Նախագահ Տոկաևի խոսքերով «հուշագիրը փոխադարձ վստահության և բոլոր ոլորտներում համատեղ աշխատանքի նոր դարաշրջան է բացում»։

Երկրների ղեկավարները գոհունակություն են հայտնում երկկողմ առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ՝ նշելով, որ այն հասնում է տարեկան 30 մլրդ ԱՄՆ դոլարի։ Ռուսաստանը խոստանում է ավելացնել Ղազախստանի հյուսիսային շրջանների գազամատակարարումը։ Կողմերը վերահաստատում են, որ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ Ղազախստանում կառուցվելու է երկրի առաջին ատոմակայանը։

Ադրբեջանը միանում է C5+1 նախաձեռնությանը

2025թ. նոյեմբերի 15-16-ին Տաշքենդում տեղի է ունենում Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հերթական հանդիպումը, որին հրավիրված էր նաև Ադրբեջանի նախագահը։ Այս ձևաչափով հանդիպումներին Ադրբեջանը մասնակցում է 2023թ.-ից։ Հանդիպման ժամանակ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն առաջարկում է վերափոխել Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների ավանդական դարձած խորհրդակցական մարմինը՝ դարձնելով Կենտրոնական Ասիայի միություն։ Նոր ստեղծվող մարմինը կնպաստի շուրջ 80 մլն բնակչություն ունեցող տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը։ Կենտրոնական Ասիայի առաջնորդների հանդիպման ժամանակ նաև որոշվում է Ադրբեջանին շնորհել C5 ձևաչափի լիիրավ անդամի կարգավիճակ՝ նախաձեռնությունը ձևափոխելով C6-ի։

C5+1 ձևաչափի ապագայի վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան. ոմանք մտահոգություն են հայտնում, որ ժամանակի և աշխարհաքաղաքական իրադրության փոփոխության դեպքում կարող է թուլանալ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը տարածաշրջանով։ Կան նաև կարծիքներ, որ միջնաժամկետ հեռանկարում այս ձևաչափը զարգանալու է՝ այլ գործոնների հետ միասին մեծացնելով Միջին միջանցքի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Միջին միջանցքի ապագա շահառուների թվում նշվում է նաև Իսրայելը, ինչը, քաղաքական բարենպաստ զարգացումների դեպքում կարող է անգամ միացնել Միջին միջանցքի և IMEC-ի ենթակառուցվածքային ճյուղավորումները։ 

Ինչպես հաճախ են ասում՝ մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել։ Ամեն դեպքում, առաջիկա 1-2 տարիները ցույց կտան, թե այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները որքանով են իրականություն դառնում։